Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցները լայնօրէն լուսաբանել են Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ապրիլի 24-ին իրականացուած «Աւրորա» մրցանակաբաշխութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, The New York Times-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղութեան տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանաժել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծուել է ի յիշատակ մէկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցէի պատմութիւնը եւ նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կը տրամադրուի երեք կազմակերպութիւնների՝ մարդասիրական օգնութեան, որբերին խնամելու եւ երեխաների աղքատութեան դէմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լիւքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-Franջois Peterbroeck («Ժան-Ֆրանսուայ Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):
Բրիտանական The Telegraph պարբերականը մէջբերել է մրցանակաբաշխութեան ժամանակ Քլունիի յորդորն աշխարհին, որով կոչ էր արել յիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ եւ ձեզ նման»: «Պարզագոյն ճշմարտութիւնն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մէկը բարութիւն է արել: Մենք բոլորս այն լաւ մարդկանց ուսերին ենք, որոնք չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունէինք»,- մէջբերել է լրատուամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմութիւնը: Պարբերականը գրել է, որ «Աւրորա» մրցանակի առաջին յաղթողն այն մարդն է, որը 30 հազար մարդ է փրկել:
«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է յիշում հայերին: Պատասխանն է` ողջ աշխարհը: Ահա թէ ով»,- «Աւրորա» մրցանակաբաշխութեան ժամանակ Ջորջ Քլունիի խօսքերն է մէջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ յայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին յորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թուականին իրականացուած կոտորածները որպէս Հայոց ցեղասպանութիւն: Լրատուամիջոցը նշում է, որ թէպէտ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտօնապէս 1915-ի դէպքերն անուանել «ցեղասպանութիւն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել: The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրութիւն է ցոյց տալիս Թուրքիան:
«Քլունին կարեւոր ձայն է դարձել` ի պաշտպանութիւն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, ինչը, ի դէպ, չի արել Միացեալ Նահանգները»,- գրում է USA Today լրատուականը` ներկայացնելով մրցանակաբաշխութեան մանրամասներն ու դրա յաղթողի անձնական պատմութիւնը:
«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմութիւնը, որոնք 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, եւ կոչ արել մարդկանց հաւատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խօսքերով բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Աւրորա» մրցանակաբաշխութեան ժամանակ յայտնի դերասան Ջորջ Քլունիի ելոյթին: Լրատուամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխութեան մանրամասներն ու դրա յաղթողին: The Giardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողութիւնը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ այցելել է յուշահամալիր` յարգելու «այն 1.5 միլիոն հայերի յիշատակը, որոնք սպանուել են Օսմանեան Կայսրութիւնում»: «Մրցանակաբաշխութեան ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը»,- գրել է բրիտանական լրատուամիջոցը:
«Աւրորա» մրցանակաբաշխութեանն անդրադարձել է նաեւ BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնուած Հայոց ցեղասպանութեան վերապրածների կողմից` ի յիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց: